ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ողբերգության, խարանի ու ամոթի, թե՞ վերածննդի օր

Ողբերգության, խարանի ու ամոթի, թե՞ վերածննդի օր
10.11.2024 | 20:23

Այս օրն ինձ համար անձնական ողբերգության օր է:

2020 թվականի նոյեմբերի 9-ը իմ կյանքի ամենածանր, ամենացավոտ օրն է եղել:

Այս օրվա սկզբին ես այլ մարդ էի, երեկոյան՝ այլ:

Հայ ժողովրդի պատմության ընթացքում նման դառը և ճակատագրական օրեր բազմիցս են եղել:

Այսպիսի մի քանի օրերում, մի քանի ստորագրություններով է, որ Մեծ Հայքից մնացել է 1/10 մասը՝ մի բուռ Հայաստանը, մեր վերջին հայրենիքը:

Ամեն անգամ ստորագրել ու կորցրել ենք:

Եթե անգամ չենք ստորագրել, այնքան խելացի, միաբանված, հեռատես, դասեր չքաղող ու չխրատվող ենք եղել, որ մեր փոխարեն են ստորագրել ու մեր հայրենիքը սրան-նրան տվել, իրար մեջ բաժանել:

Այս օրվա պես ենք մեկ օրում կորցրել Կարսի նահանգը, Սուրմալուն, Նախիջևանը:

Այսպես նախիջևանացվեց ու հետո ադրբեջանացվեց Արցախը:

Եթե Արևմտյան Հայաստանի ու Նախիջևանի կորուստը տեսան մեր պապերը, ապա Արցախի կորուստը տեսանք մենք ու մեր երեխաները:

Հարց է, թե ի՞նչեր կտեսնեն մեր երեխաներն ու թոռները, եթե այսպես շարունակվի:

Եթե անգամ բան մնա տեսնելու:

Եթե իհարկե հիմա դեմը չառնվի:

Հիմա մենք ու մեր երեխաները տեսնում ենք,

թե ինչպես միջինասիական յայլեքից ժամանած մի անֆասոն քոչվորապետ, զավթելով ամենահայկական Արցախը, աչք է դրել մնացյալ Հայաստանի վրա՝ անվանելով այն «Արևմտյան Ադրբեջան»:

Թե ինչպես է հարևան երկրի գավառի տեղանունը որպես արհեստածին պետության անվանում օգտագործող կովկասյան թաթարների ողորմելի մանկուրտը, որն ընդամենը 100 տարվա պատմություն ունի՝ խոսում հայերի եկվոր լինելու, «պատմական Ադրբեջանի» վերականգման մասին, ու թե ինչպես է ուղիղ տեքստով սպառնում ողջ Հայաստանի վերացմանը:

Խոսում է ռազմատենչ հռետորաբանությամբ, որովհետև «հաղթանակած» է, որովհետև Արցախն այս պահին իր տիրապետության տակ է, որ կապիտուլացրել է իրենից ոչ պակաս մի սինլքոր, փնթի-խեղկատակ, թշվառ-թյուրիմացության:

Դրա համար էլ լեզուն երկար է, կասի ու կանի այն ընչ կուզի, որովհետև ոչ մեկը դեմը չի առնի ու երկնքից չի իջեցնի:

Այսօր այդ մարդը Ստեփանակերտի ու Շուշիի փողոցներում շքերթ կանի, Բաքվում հաղթանակի պուրակ ու մոնումենտ կբացի, միաժամանակ՝ հայ ազգին հաթաթա կտա ու ծավալապաշտական նկրտումներից կխոսի:

Չորս տարի շարունակ նա մեզ սպառնում է՝ զգուշացնելով, որ չհամարձակվենք անգամ մտածել վրեժի ու ռևանշի մասին, ցուցադրում է իր զինանոցը և սպառազինությունը, ուլտիմատում ներկայացնում աշխարհին՝ կոչ անելով զենք չվաճառել Հայաստանին։

Նա հասել է այն աստիճան ցինիզմի, որ նույնիսկ նոր կապիտուլյացիոն փաստաթղթում, որը կոչվում է «խաղաղության պայմանագիր» ցանկանում է ամրագրել Հայաստանի ապառազմականացումը, որպեսզի բացառվի ցանկացած վրեժի հնարավորություն։

ՈՒ այդպիսի աննախադեպ ցինիզմն ու մառազմը, մեղմ ասած, սնուցվում է հայաստանյան իշխանությունների նվաստ, պարտվողական ու հարմարվողական քաղաքականությունից, երկիրը ղեկավարող առաջին դեմքերի աղերսներից, որոնք պարբերաբար դիմում են մեր թշնամիներին՝ մուրալով խաղաղության փաստաթուղթ և ցուցադրելով իրենց վախը պատերազմից և հակամարտությունից։

Ամեն անգամ, երբ նրանք խոսում են «խաղաղության խաչմերուկի» կամ «խաղաղության պայմանագրի» մասին, ենթադրում են, որ Ալիևն ու Էրդողանը կարեկցություն պետք է դրսևորեն։

Հավանաբար, նրանք հաճույք են ստանում այդ նվաստացումից ու ստորացումից և նրանց թվում է, որ որքան շատ նվաստանան մեր թշնամիների առաջ, այնքան երկար կպահպանվի նրանց իշխանության ժամկետը։

Բայց կյանքն ապացուցում է, որ զիջողականությունը, շողոքորթությունը, գլխիկորությունն ու «գիքորությունը» չի անցնում Ալիևի մոտ:

Ընդհակառակը՝ Ալիևի հոխորտանքը, շանտաժն ու սպառնալիքները ավելի հաճախակի են դառնում:

Մարդն այսօր բացահայտ ասում է՝ «Արցախում բարձունքներ գրավելը հեռահար նպատակ է ունեցել», «Հայաստանը պետք է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, քանի դեռ ուշ չէ», որ «ստիպել են Փաշինյանին ասել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և նա շարունակելու է դա ասել, նույնիսկ ոչ իր կամքով», որ «ստիպել են Փաշինյանին հանձնել տավուշյան 4 գյուղերը», որ «պահանջել են, այսպես կոչված, փախստականների Հայաստան վերադարձի հարցը լուծելը», որ ստիպում են դատական հայցերի հետկանչ, Սահմանադրության փոփոխություն, ԵՄ մշտադիտարկողների դուրսբերում:

Իսկ որ ամենազավեշտալին է, բայց և մտորելու տեղիք է տալիս, դա Ալիևի՝ Իրանական կայսրության «Երևանի խանության» դրոշների հետ հրապարակած լուսանկարն է:

Վերջինս այդկերպ հասկացնում է, թե Հայաստանի Հանրապետության տարածքը և Երևանն, իբր, «ադրբեջանական» է, հետևաբար՝ իրենն է:

Այսկերպ Ալիևը նաև անթաքույց ցուցադրում է իր հետագա առավելապաշտական նկրտումները ու վերահաստատում իր ծավալապաշտական նպատակներն ու ծրագրերը:

Բայց այս ողորմելի-չտեսի գանագատուփում առկա գալարաթելերում չի տեղավորվել այն պրիմիտիվ հանգամանքը, որ դրանով նա ակամա ևս մեկ անգամ փաստում է, որ ոչ մի «ադրբեջանական պետականություն» մինչև 1918 թվականը գոյություն չի ունեցել:

Մանավանդ, երբ այդ իսկ դրոշի վրա պատկերված է Իրանի պատմական խորհրդանիշ՝ առյուծը, իսկ առյուծից վերև և ներքև արաբատառ գրություն է՝ «սուլթան սուլթանի որդի Շահ Ֆաթհ-Ալի Ղաջար», որը Իրանի շահն էր 1797-1834 թթ. ընթացքում։

Ալիևի ցինիզմն ու մառազմը այն աստիճանի է հասել, որ Պարսկաստանի ողջ հյուսիսային հատվածը, Պարսկաստանի պատմությունն ու պարսից թագավորներին վերջինս վերագրում է որպես ադրբեջանական:

Այնպես, ինչպես պատմական Ադրբեջան է համարում՝ Դաղստանը, Վրաստանի արևելյան և հարավային շրջանները, Թբիլիսի մայրաքաղաքով հանդերձ:

Ինչևէ, համենայն դեպս, այս ամենը գերազանց ընդունում ու մարսում է սեփական ժողովուրդը:

Մարդիկ պատմություն են կերտում:

Ի տարբերություն մեզ՝ իրական Ադրբեջանից պատմական Ադրբեջան են կերտում:

Այնպես, ինչպես մեր մոտ շատ սահուն ու անխոչընդոտ, ապատիկ կերպով ու հանդուրժողականությամբ ընդունվեց, մարսվեց ու մոռացվեց արհավիրքն ու հետևանքները, փոխարենը վստահեցվեց, որ «ապագա կա»:

Իսկ դրա համար պետք է, որ ազգը ձերբազատվի պատմական Հայաստանից ու կենտրոնանա բացառապես իրական Հայաստանի վրա:

«ՈՒ կանգնած ենք ահա ապագայի հանդեպ զարմանալի՜ թեթև, զարմանալի՜ անդեմ՝

Մերկության պես տկլոր ու անանցյալ...» - կասեր Չարենցը:

Անցյալ չի մնացել, վերջն էլ չի երևում, բայց ապագա կա…

Իսկ ժողովուրդը չի ասի, որ քանի կան սրանք, չկա ապագա, չկա պետություն, չկա ազգ:

Քանի կան սրանք, ամեն գյուղ ու քաղաքի գլխին նոյեմբերի 9-ի լույս 10-ի դամոկլյան սուր կա:

Ընդհակառակը՝ մեզ մոտ կյանքը բնականոն հունով շարունակվում է, կարծես ոչինչ էլ չի եղել:

Փարթիներ, ֆեստիվառներ, «կեցցե՛ հեծանիվը», ապրե՛ն, միլիոնատեր կանայք և տղամարդիկ, աֆրիկյան սաֆարիներից ու սավաննաներից ուրախ վռկզիների զվարճալի լուսանկարներ:

Լավ են անում, շանս է տրվել՝ անում են, վայելում են, թքած ունեն…

Աշխարհի միակ պետությունն ենք, որտեղ հնարավոր է երկիրը տանել ծրագրված պարտության, հազարավոր տղերքի գլուխն ուտել, դրանից հետո վերարտադրվել ու մնալ իշխանության:

Պետությունդ այդքան զոհ ունենա, բայց սգո ու հիշատակի օր չունենա: Տարածքներ հանձնվեն, 12 հազար քկմ տարածք կորցնեն, պատերազմ տանուլ տան, 4 հազար զոհ, 10 հազարից ավել հաշմանդամ, խեղված ճակատագրեր, բնավեր ու տնավեր տասնյակ հազարավոր մարդիկ, բայց մեղավոր ու դատապարտվածներ չլինեն:

Մարդկության պատմության մեջ չի եղել նման բան, և դժվար էլ լինի:

Դժոխային տանջանք է ամոթով ապրելը:

Մի բան գիտեմ.

Գալու է դատաստանի օրը:

Մարդամեկը, ով հայտարարեց՝ պատերազմը կարող էր դադարեցվեր, բայց նույն արդյունքը կլիներ ու այդքան զոհ տա, որ պատերազմը եթե դադարեցներ, իրեն դավաճան կկոչեին, ով ուրացավ սեփական ժողովրդի պատմությունը, անցած ճանապարհը, թափած արյունն ու կռիվը, ով համոզեց հանրության մի մասին, որ դա է ճշմարիտ ուղին, իսկ հիմա էլ ջանուջիգյար է անում մեր դեմ պատերազմ անողների ու մեզ բնաջնչել ցանկացողների հետ, ով կատարում է նրանց քմահաճույք-պահանջները ու դրա անունը դնում «խաղաղության օրակարգ»՝ կանգնելու է արդար դատավարության առաջ ու պատասխան է տալու ամեն բառի ու ամեն արածի համար։

Իհարկե, եթե Լինչի դատաստանի չարժանանա ու Քադաֆիի օրը չգցեն:

«Հաղթանակը հազար տեր ունի, պարտությունը՝ որբ է» արտահայտությունն ինչպես երբեք հարիր է մեզ հետ պատահած ողբերգությանը, բայց ձեր դեպքում այս պարտությունը որբ չէ, այն տեր ունի, և այդ տերը դուք եք…

Աքսիոմա է՝ չի կարող լինել որևէ այլ պատասխանատու, քան տվյալ ժամանակի առաջին դեմքն ու քաղաքական մեծամասնությունը:

Դուք եք պատերազմի պարտության պատասխանատուն ու մեղավորը:

Չի ստացվելու խուսափել պատասխանատվությունից:

Եվ այո՛, պարտվել ենք:

Ամոթ չէ պարտվելը:

Ամոթ է ոտքի չկանգնելը:

Մանավանդ, երբ հաշիվը՝ 1:1 է:

Իսկ ոտքի կանգնելը սկսվում է այն պահից, երբ ճիշտ ես գնահատում իրավիճակը ու գիտես, թե ինչից է պետք սկսել:

Այսպիսի ծանր օրերին կարելի է նաև լացել, ողբալ ու հուսալքվել, բայց դրանով խնդիրները չեն լուծվի, մեր ապագան էլ պայծառ ու անվտանգ չի դառնա:

Ընդհակառակը' պայքարից հրաժարվող ազգը սարքում է սեփական դագաղը։

Նոյեմբերի 9-ը մեզ համար նույնպիսի տհաճ ու ցավալի նշանակություն ունի, ինչպես մեր թշնամու համար մայիսի 9-ը, հետևաբար՝ մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք հաղթահարելու այսօրվա դժվարությունները և քայլելու դեպի նոր հաղթանակներ։

Դեպի նոյեմբերի 9-ի հայերի հաղթանակը։

Մայիսի 9-ը ունեցող ազգը չի կարող համակերպվել նոյեմբերի 9-ի հետ։

Մանավանդ, որ Նիկոլը, Իլհամը, Էրդողանն ու մյուսները ժամանակավոր են։ Վաղը նրանք չեն լինի, բայց նրանց թողած հետքերը մեր սերունդների համար ճակատագրական չպետք է լինեն:

Դժվար ժամանակներ ենք ապրում:

Իսկ դժվար ժամանակները ծնում են ուժեղ անհատների, որոնք ստեղծում են լավ ժամանակներ։

Հիմա դժվար, բայց ուժեղ անհատների ժամանակն է։

Նոր նժդեհներ, Մոնթեներ, Ադրանիկներ, Վազգեններ, Քոչինյաններ ու Դեմիրճյաններ են լինելու:

Գալու է այն օրը, երբ հայ ազգը կվերականգնի իր դիմագիծը, արժեհամակարգն ու արժանապատվությունը:

Եթե իհարկե հասկանանք ու գիտակցենք մեր սխալներն ու պատրաստակամություն ունենանք ոտքի կանգնելու:

Այսպես չի մնա, վերածնունդ լինելու է…

Փառք ու պատիվ հող-հայրենիքի համար իրապես կռված ու ողջ մնացած զինվորականներին, խոնարհումս Հայաստանի ու Արցախի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակին:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1456

Մեկնաբանություններ